Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ արցախյան շարժման մեկնարկի տարեդարձի կապակցությամբ

20.02.2019
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ արցախյան շարժման մեկնարկի տարեդարձի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում էի, ուր իմ բազմաթիվ մարտական ընկերների ու զինակիցների հետ հնարավորություն ունեցա մասնակցելու շարժման հոբելյանին նվիրված միջոցառումներին, վերհիշելու մեր անցած ճանապարհը: Այդ օրը գոհունակությամբ արձանագրեցի, որ ազատության ոգին, ինչպես և երեք տասնամյակ առաջ, թևածում է Արցախում: Դա հիրավի անգին արժեք է:

Այս օրը, կարծում եմ, ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է: Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն: Վստահ եմ, որ գալիք սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն դրա ահռելի նշանակությունը:

Ցավոք, միայն շնորհավորելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ: Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղեվարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար:

Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել։ Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք:


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

20 փետրվարի 2019թ

Երևան

Ավելին

07.12.2018

ՈՒՂԻՂ․ Քոչարյանի պաշտպանական թիմի ասուլիսը

Դիտեք Քոչարյանի պաշտպանական թիմի ասուլիսն ուղիղ միացմամբ

Ավելին
12.11.2018

Ռ․ Քոչարյանի հեղինակած գիրքը լույս կտեսնի այս ամսվա վերջում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը «Ռոսսիա 24» ալիքին։

Ավելին
02.10.2018

Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան

Մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում:

Ավելին