Քաղաքականություն

Պատերազմող Ղարաբաղի ղեկավար

1992թ․ամռանը իրավիճակը պատերազմող Արցախում ծայրաստիճան ծանր էր․ Ադրբեջանին հաջողվել էր օկուպացնել անկախություն հռչակած ԼՂՀ տարածքի մեծ մասը, և նորաստեղծ պետության առաջ լինել-չլինելու խնդիր էր կանգնել։ Այս իրավիճակում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում շատերը հասկանում էին, որ Ղարաբաղին կամային և կազմակերպչական ուժեղ հատկանիշներով օժտված ղեկավար է հարկավոր։ Ընտրությունը կանգնեց ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի՝ 38-ամյա Ռոբերտ Քոչարյանի վրա։ 1992թ․ օգոստոսի 12-ին ԼՂՀ Գերագույն խորհրուրդի որոշմամբ ստեղծվեց ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեն (ՊՊԿ)՝ իբրև գործադիր իշխանության բարձրագույն մարմին, որի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը` համատեղելով ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Հենց ՊՊԿ-ն ստանձնեց ԼՂՀ-ն հակառակորդից ազատագրելու, ռազմական պայմաններում ապրող երկրի ներքին կյանքը և տնտեսությունը կազմակերպելու ամբողջ պատասխանատվությունը։

ԼՂՀ առաջին Նախագահ

1994թ․ մայիսից, պատերազմում տարած փառահեղ հաղթանակից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, ԼՂՀ-ում սկսվեց խաղաղ շինարարության երկարամյա գործընթացը։ Պետք էր վերականգնել պատերազմի ժամանակ ավիրված երկիրը, ձևավորել ինստիտուցիոնալ պետականության հիմքերը, վերափոխել տնտեսությունը, նոր ենթակառուցվածքներ ձևավորել, ամրապնդել տնտեսական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ, ստեղծել մարդկանց համար կյանքի ու աշխատանքի արժանապատիվ պայմաններ։ Ինչպես և պատերազմի տարինրեին, այնպես էլ այդ շրջանում աշխարհասփյուռ հայությունը աջակից էր Ղարաբաղի ժողովրդին և ԼՂՀ իշախնություններին, որոնք վայելում էին արցախցիների լիակատար վստահությունը։ 1994թ․ նոյեմբերին՝ ԳԽ կողմից երկու տարի ժամկետով, իսկ այնուհետ 1996թ․ նոյեմբերին՝ արդեն համաժողովրդական քվերակության արդյունքներով՝ հինգ տարի ժամկետով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվում է ԼՂՀ Նախագահ։

ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունում 1996թ․ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամի հետևանքները մեղմելու և տնտեսության գահավիժումը կասեցնելու համար 1997թ․ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը առաջարկում են Ռոբերտ Քոչարյանին տեղափոխվել Երևան և ստանձնել ՀՀ վարչապետի թափուր պաշտոնը։ Շարժառիթը նույնն էր, ինչ տարիներ առաջ Արցախում․ հիմա էլ Հայաստանին էր հարկավոր ուժեղ կամային և կազմակերպչական հատկանիշներով օժտված գործադիր իշխանության ղեկավար, ով անցած տարիներին նաև տնտեսական հաջողության հասնելու արդյունք էր արձանագրել։ Ռոբերտ Քոչարյանը, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, համաձայնում է՝ թողնելով ԼՂՀ նախագահի նոր ստանձնած պաշտոնը։ Վարչապետ նշանակվելուց արդեն 8 ամիս հետո Հայաստանում վճարված էին աշխատավարձերի ու թոշակների բոլոր պարտքերը։

Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ

1998թ փետրվարին, Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ իշխանական վերնախավի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական է տալիս։ Նույն տարվա մարտին կայացած ընտրություններում 44-ամյա Ռոբերտ Քոչարյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ։

1998-2008թթ․ Հայաստանի Հանրապետությունը լիովին վերափոխվում է՝ դառնալով աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը և գրանցելով ՀՆԱ-ի հնգապատիկ աճ։ Այդ տարիները Հայաստանի համար նշանավորվում են բազմաթիվ ձեռքբերումներով ու նվաճումներով, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ։