Ծնողները

Հայրը՝ Սեդրակ Սարգսի Քոչարյան: Ծնվել է 1910 թվականին Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում: Ավարտել է Դաղստանի գյուղատնտեսական ինստիտուտը: Աշխատել է որպես մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ և մարզկոմի բյուրոյի անդամ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով, նաև հեղինակել է ԼՂ գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություն: Մահացել է 1977 թվականին:

«Մարդիկ գիտական աստիճան ստանալով՝ առավել հաճախ մեկնում էին մայրաքաղաք՝ Երևան կամ Բաքու: Իսկ հայրս հավատում էր, որ ինքը պետք է այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում: Եվ մեր լեռներում նա՝ գյուղատնտեսը, քաղաք-այգի էր հիմնում, կոմունիզմ կառուցում, որի գաղափարներին հավատաց ամբողջ կյանքում:»

Մայրը՝ Էմմա Արսենի Օհանյան: Ծնվել է 1926 թվականին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հադրութ ավանում: Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը: Աշխատել է Լենինավանի գիտափորձարարական բազայում՝ որպես գիտաշխատող, այնուհետև` Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում՝ որպես ավագ գիտաշխատող: Մահացել է 2015 թվականին:

«Տան հոգսը ամբողջովին մորս ուսերին էր: Կամային, չափավոր խիստ ու գործնական՝ նա էր սահմանում տան ներքին կարգուկանոնը, վարում ընտանեկան հաշիվներն ու զբաղվում մեր դաստիարակությամբ: Նրա վրա էր երեխաների կրթությանը վերաբերող ամեն ինչի պատասխանատվությունը

Ընտանիք

Ռոբերտ Քոչարյանի կինը Բելլա Քոչարյանն է։ Նրանք ունեն երեք զավակ. Սեդրակ, Գայանե, Լևոն։ Թոռները յոթն են՝ Բելլա, Անի, Էմմա, Ռոբերտ, Միքայել, Դավիթ և Զաբել։

Կինը

Բելլա Քոչարյան։ Ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին, Ստեփանակերտում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի Սանիտարական հիգիենայի ֆակուլտետը: Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում՝ որպես բժիշկ-մանրէաբան, այնուհետև` բժիշկ-հակահամաճարակաբան: Եղել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալը, իսկ 1991-1993 թվականներին՝ ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը: Տիկին Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ Ոսկրածուծի փոխպատվաստման դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է: 2006 թվականից Հայ օգնության ֆոնդի՝ երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհրդի պատվավոր նախագահն է:

 

«Բելլան բացառիկ տոկուն մարդ է: Երբեք չէր տրտնջում և նույնիսկ ամենածանր պահերին լուռումունջ տանում էր դժվարությունները: Անկեղծ ու կարեկից՝ կինս միշտ ձգտում էր օգնել ուրիշներին, կարողանում էր հարաբերություններ հաստատել մարդկանց հետ ու պահպանել տան համերաշխ մթնոլորտը:»

Սեդրակ Քոչարյան

Ծնվել է 1981թ․ հուլիսի 23-ին՝ Ստեփանակերտում։ 2004թ․-ին ստացել է ԵՊՀ-ի տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ 2004թ․-ին, նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում սովորելիս, հրաժարվել է տարկետման իրավունքից և 2005-2007թթ․-ին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2013թ-ին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (MBA) «Սկոլկովո» Մոսկվայի մենեջմենթի դպրոցում։

2002թ-ից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս մի շարք ոլորտների ընկերություններում հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ է։ Զբաղվում է սպորտով՝ դայվինգով, լեռնադահուկային սպորտով, սնոուբորդով, նաև եռամարտով։

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Զարուհի Բադալյան։

Զարուհի Բադալյան

Ծնվել է 1981 թ. մայիսի 26-ին՝ Երևանում: 2001թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2003 թ.-ին` մագիստրատուրան՝ ստանալով կառավարչի մասնագիտացում:

2002-2008 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության,բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում՝ որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան: 2008-ից «Գրիտտի» ՍՊԸ տնօրենների խորհրդի անդամ է, կորպորատիվ հաղորդակցության պատասխանատուն։

Գայանե Քոչարյան

Ծնվել է 1983 թ․-ի սեպտեմբերի 23-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:

Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆալուլտետն ավարտել է գերազանցության դիպլոմով: Դրանից հետո՝ 2005-2006 թթ.-ին սովորել է Լոնդոնի համալսարանում` ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի կոչում (LLM):

2006-2007 թթ.-ին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:

Առողջ ապրելակերպի ջատագով է, զբաղվում է յոգայով, նաև վազքով և լողով:

Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:

Վիգեն Չատինյան

Ծնվել է 1984 թ․-ի հունվարի 27-ին՝ Երևանում:

2000-2005 թթ. սովորել է Մոսկվայում՝ Պետական կառավարման համալսարանի Միջազգային տնտեսական գործունեության կառավարման ամբիոնում: 2008 թթ.-ին միևնույն ամբիոնից ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2008-2009 թթ.-ին աշխատել է «Բարս պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ 2009-2010 թթ.-ին աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, 2011-2013 թթ․-ին Երևանի քաղաքապետարանում, որտեղ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետն է եղել: 2013թ․-ից Sabre Travel Network Հայաստանի գրասենյակի հիմնադիր տնօրենն է։

Լևոն Քոչարյան

Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին:

2002-2006 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:

2006 - 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում:

2011-2015թ. ուսումը շարունակել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագիտության տեսության մագիստրոսի աստիճան:

2008 թվականից «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ է։ Հայաստանի Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):

Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո)

Ծնվել է 1987թ. հունվարի 7-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Երաժշտական կրթություն է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Սիրուշոն երգչուհի, երգահան է, ՀՀ վաստակավոր արտիստ:

Թողարկել է 5 ձայնասկավառակ, 12 անգամ ճանաչվել տարվա լավագույն երգչուհի։ Մասնակցել է Եվրատեսիլ միջազգային մրցույթին՝ գրավելով չորրորդ հորիզոնականը: Սիրուշոն առաջին հայ արտիստն է, ում թեկնածությունն առաջադրվել է World Music Awards մրցանակաբաշխությանը՝ Լավագույն տեսահոլովակ, Լավագույն կատարում անվանակարգերում:

Սիրուշոն այժմ իրականացնում է «Արմատ» համերգային արշավ, որի նպատակն է ամրապնդել հայկական երգն ու մշակույթը սփյուռքում։