Աշխատատեղեր և աշխատավարձ

Հանրապետությունում արձանագրվող կայուն և շարունակական տնտեսական աճը դարձավ գործազրկության մակարդակի նվազման և բնակչության եկամուտների աճի կարևորագույն նախապայմանը: 2000 թվականից սկսած երկրում դիտվում էր գործազրկության մակարդակի պաշտոնական ցուցանիշի նվազում: Վարձու աշխատողների թվաքանակը 1998 թվականին ՀՀ-ում կազմում էր 539․800 մարդ, իսկ տասը տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 146․800-ով և 2008 թվականին կազմել արդեն 686․600 մարդ:

[break]

Ինչ վերաբերում է աշխատավարձերի մակարդակին, ապա պաշտոնավարումից արդեն մեկ տարի անց նվազագույն աշխատավարձը 1998 թվականի համեմատ բարձրացավ 5 անգամ, 2004 թվականին՝ 13 անգամ, իսկ արդեն 2007 թվականին՝ 20 անգամ: Միջին ամսական անվանական աշխատավարձի չափը 2004 թվականին աճեց շուրջ 2 անգամ՝ կազմելով 43․445 ՀՀ դրամ, իսկ 2007 թվականին աճեց 4 անգամ:

Հանրակրթության ոլորտում առաջնահերթ խնդիր համարելով ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը` պետությունը հետևողականորեն իրականացրել է աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը նաև այս ոլորտում` այն դիտարկելով որպես կրթության որակի բարձրացման գրավական: Մասնավորապես, ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 2005 թվականին բարձրացվել է 65.3 տոկոսով, 2006 թվականին` 16.1 տոկոսով, 2007 թվականին` 27.0 տոկոսով` հասցնելով շուրջ 74,000 ՀՀ դրամի` ուսուցիչների տարեկան աշխատավարձը մոտեցնելով մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ի չափին։

Տասը տարիների ընթացքում հանրապետությունում միջին անվանական աշխատավարձն աճել է մոտ 6 անգամ, իսկ նույն ժամանակահատվածում հիմնական պարենային ապրանքների գները գրեթե չեն աճել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նվազել են: Գների համեմատ աշխատավարձերի առաջանցիկ աճի այս դինամիկան բնակչության բարեկեցության բարձրացման վառ վկայություն է:

Աղքատություն և եկամուտներ

Հայաստանում աղքատության խորացման և մասշտաբային ծավալման առաջին փուլը 1988 թվականի դեկտեմբերյան կործանարար երկրաշարժն էր, այնուհետև քառամյա ղարաբաղյան պատերազմը հսկայական վնաս հասցրեց առանց այն էլ երկրաշարժից խոցված Հայաստանին, նրա տնտեսությանը և բնակչության սոցիալական վիճակին: Մի կողմից երկրի սոցիալ-տնտեսական համակարգային խորը ճգնաժամը, մյուս կողմից` ըստ եկամուտների և սպառման բնակչության աննախադեպ բևեռացումը 1994-1996 թվականներին Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության 54.7 տոկոսին դարձրեցին աղքատ, որից 27.7 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ, իսկ աշխատավարձի՝ օրենքով սահմանված նվազագույն չափն ընդամենը 1,000 ՀՀ դրամ էր: Նման պայմաններում ստանձնելով երկրի ղեկավարությունը, Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց երկրում աղքատության կրճատման, ազգաբնակչության միջև եկամուտների հավասարաչափ բաշխման և սոցիալական արդարության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

[break]

Աշխատանքը տվեց արդյունքներ և արդեն 2001 թվականից աղքատության մակարդակը երկրում սկսեց նվազել: 2005 թվականին այն կազմեց 29.8 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը կրճատվեց 5 անգամ 1999 թվականի նկատմամբ և կազմեց 4.6 տոկոս: 2007 թվականին երկրում աղքատության մակարդակը կազմում էր 25 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 3.8 տոկոս: Այսինքն սկսեց փոխվել մարդկանց կյանքի որակը:
Առանձնակի ուշադրության է արժանի նաև նորանկախ Հայաստանում առաջին անգամ աշխատավարձի, թոշակների բարձրացումը: Թոշակառուները, մանկավարժները, պետական համակարգի աշխատակիցները սկսեցին զգալ կատարած աշխատանքի արդյունքները: Բնականաբար սա բավարար չէր ՀՀ քաղաքացու լիարժեք բարեկեցությունն ապահովելու համար, սակայն ազգաբնակչության շրջանում սկսվեց եկամուտների հավասարաչափ բաշխման սկզբունքի արմատավորման մեկնարկը: Մարդիկ սկսեցին ավելի լավ ապրել, ավելի շատ սպառել, շրջագայել և հանգստանալ: Մի շարք փորձագիտական գնահատականներ փաստում են, որ ՀՀ ազգաբնակչության ընտանիքների ավելի քան 60 տոկոսը 2003-2007 թվականներին սկսել են ապրել ավելի բարեկեցիկ` սկսել են սեփական գործը, սկսել են զբաղվել առևտրով, անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, ընտանիքի անդամները անցել էին աշխատանքի, ձեռք բերել անշարժ գույք կամ բարելավել բնակարանային պայմանները:

Միգրացիա

1998-2007 թվականներին ՀՀ-ում միգրացիոն գործընթացները կրել են զգալի քանակական և որակական փոփոխություններ: Եթե 1998-2002 թվականներին շարունակվում էր պահպանվել նախորդ տարիների արտագաղթի զգալի ծավալը և ՀՀ-ից մեկնողների ու ՀՀ ժամանողների միջին տարեկան տարբերությունը կազմում էր շուրջ 55 հազար մարդ (բացասական մնացորդ), ապա 2002-2003 թվականներին ուղևորահոսքերի ծավալների անընդհատ աճի պայմաններում այն կտրուկ նվազեց` հասնելով 3-10 հազարի, իսկ սկսած 2004 թվականից յուրաքանչյուր տարի արձանագրվում էր միգրացիայի դրական մնացորդ և ՀՀ ժամանողների թիվը գերազանցում էր ՀՀ-ից մեկնողների թվին: 2006 թվականին Հայաստան ժամանածների թիվը մոտ 22 հազարով գերազանցել է ՀՀ-ից մեկնողների թիվը: 1992 թվականից ի վեր Հայաստանում միայն երեք տարի՝ 2004-2006 թվականներն էին, երբ միգրացիոն սալդոն եղել է դրական: 2005-2007 թվականներին ակտիվ աշխատանքներ են տարվել օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձը խթանող պայմաններ ստեղծելու ուղղությամբ, և միգրացիոն ոլորտում հետագա զարգացումներն ապացուցեցին այդ ծրագրերի արդյունավետությունը։

Կրթություն և գիտություն

1998-2007 թվականները լայնածավալ բարեփոխումների ժամանակահատված էին միջնակարգ կրթության արդիականացման, որակի բարելավման, մատչելիության մեծացման, կառավարման ապակենտրոնացման և արդյունավետության բարձրացման առումով: 1998 թվականին մեկնարկած «Կրթության կառավարման և ֆինանսավորման բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում հաջողվել էր արմատապես լուծել աշակերտներին դասագրքերով ապահովելու կարևորագույն խնդիրը: Հանդիսանալով կրթության ոլորտի հիմնական գերակայությունը` հանրակրթությանն էր հատկացվում պետական բյուջեով կրթության բնագավառի համար նախատեսված միջոցների մեծ մասը: «Կրթության մասին» օրենքը, որն ընդունվել է 1999 թվականին, ամփոփում էր նաև բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթության իրականացման պետական քաղաքականությունը և սկզբունքները, կրթական իրավունքի պետական երաշխիքները, պետական կրթական չափորոշիչները, բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, համալսարանական ինքնավարությունը և այլն:

2005 թվականին Նորվեգիայի Բերգեն քաղաքում Հայաստանը ստորագրել է Բերգենի հռչակագիրը` միանալով Բոլոնիայի գործընթացին: Նպատակը՝ Հայաստանի մասնագիտական կրթական համակարգի ինտեգրումն էր բարձրագույն կրթության եվրոպական միասնական տարածքին:
2006 թվականի հունիսին հաստատվել է «ՀՀ պետական բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը»: Իսկ 2006 թվականի սեպտեմբերին, ՀՀ պետական բուհերում առաջին անգամ կիրառվել է մրցակցային կրթության գաղափարը՝ ըստ առաջադիմության ուսանողների փոխատեղումը վճարովի ուսուցման համակարգից՝ անվճար և հակառակը:

ՀՀ գիտության ոլորտում 1998 թվականից ի վեր առաջնային խնդիր է եղել օրենսդրական ս նորմատիվ իրավական դաշտի կարգավորումը: 2000 թվականի դեկտեմբերին ընդունվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը: 2001 թվականի ապրիլին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման հայեցակարգը», որը նախանշել է ոլորտի զարգացման ուղիները: 2002 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
2004 թվականին սկսվել է ոլորտի նպատակային-ծրագրային ֆինանսավորման իրականացումը, որի շնորհիվ իրագործվել են գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրեր:

Գիտնականներին ազատ ստեղծագործելու հնարավորություն ընձեռելը թույլ է տվել առանձին գիտնականների և գիտական կազմակերպությունների մուտք գործել միջազգային գիտական շուկա: Միայն 2003 թվականին միջազգային և օտարերկրյա տարբեր կազմակերպություններից գիտական ոլորտ է ներգրավվել շուրջ 8,5 միլիոն ԱՄՆ դոլար: 2006-2007 թվականների ընթացքում մշակվել և ՀՀ կառավարության հավանության է արժանացել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, որի հիմնական նպատակն է գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումը: