Ժողովրդավարական ինստիտուտներ և պետականություն
2005 թվականի սահմանադրական փոփոխությունները
1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրությունը նախագծեց Հայաստանի Հանրապետության ազատ զարգացման տնտեսական, սոցիալական և քաղաքական հիմքերը: Այդուհանդերձ, հասարակության զարգացումն ու ժամանակը նոր մոտեցումներ էին պահանջում: 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները միտվեցին իշխանության ճյուղերի հավասարակշռման կողմը: Այդ փոփոխություններով նպատակ դրվեց վերանայել ՀՀ Նախագահի գերիշխող դիրքը իշխանության ճյուղերի նկատմամբ, բարձրացնել խորհրդարանի դերը իշխանության մարմինների համակարգում, ապահովել կառավարության գործունեության ինքնուրույնությունը, ձևավորել զսպումների ու հակակշիռների գործուն կառուցակարգ, նպաստել մարդու և քաղաքացու իրավունքների իրական երաշխավորմանն ու դրանց պաշտպանության արդյունավետ միջոցների արմատավորմանը: Սահմանադրական փոփոխությունները ներառեցին հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները, ինչի արդյունքում Հայաստանի առջև նոր հնարավորություններ բացվեցին:
[break]
Էականորեն սահմանափակվեցին հանրապետության նախագահի լիազորությունները, որոշ լիազորություններ փոխանցվեցին Ազգային ժողովին: Կատարված փոփոխությունները դարձան նաև Ազգային ժողովի դերի բարձրացման գրավական: Սահմանադրական կարգավիճակ ստացան Մարդու իրավունքների պաշտպանը և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:
Սահմանադրական փոփոխություններով սահմանվեցին մարդու և քաղաքացու մի շարք նոր իրավունքներ՝ ընդլայնելով իրավունքների և ազատությունների գործող շրջանակը: Սահմանադրորեն ամրագրվեցին մարդու իրավունքների և ազատությունների հարգմանն ու ապահովմանն ուղղված պետության նոր պարտավորություններ: Մասնավորապես, Սահմանադրության 3-րդ հոդվածն ամրագրում է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Սահմանադրական փոփոխությունները չեն շրջանցել նաև տեղական ինքնակառավարման ոլորտը: Վերջապես սահմանադրորեն ամրագրվեց տեղական ինքնակառավարման հասկացությունը և Սահմանադրության մեջ ներառվեցին դրույթներ, որոնք էապես կնպաստեին տեղական ինքնակառավարման կայուն առաջընթացին և ինքնուրույնության բարձրացմանը:

Դատաիրավական բարեփոխումները
1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրության ընդունմամբ հիմք դրված դատական բարեփոխումների առաջին փուլի շրջանակներում ընդունվել են այդ ոլորտին վերաբերող բազմաթիվ իրավական ակտեր՝ օրենսգրքեր և օրենքներ։ Դրանց ուժի մեջ մտնելուց հետո 1999 թվականի հունվարի 12-ին ներդրվել է եռաստիճան դատական համակարգը, սկսել է գործել վերաքննության ինստիտուտը, որը գոյություն չի ունեցել խորհրդային ժամանակաշրջանում: 2001 թվականին ստեղծվել է ՀՀ տնտեսական դատարանը: 2003 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը:
[break]
Կարևոր քայլ էր նաև քրեակատարողական համակարգում հումանիզացիայի և ապառազմականացման գործընթացների բարեփոխումները, որի արդյունքում այդ համակարգը ներքին գործերի նախարարությունից տեղափոխվեց արդարադատության նախարարություն: 2005 թվականի սահմանադրական բարեփոխումները խթան հանդիսացան դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի համար: Բարելավվեցին դատարանների շենքային պայմանները, դրանք վերազինվել էին ժամանակակից տեխնիկական միջոցներով: Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում ընդունվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, «Դատախազության մասին», «Առևտրային արբիտրաժի մասին», «Սնանկության մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև մյուս օրենքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի ընդունմամբ դրվել է դատական նոր համակարգի հիմքը: Այդ օրենսգրքի ընդունմամբ ստեղծվել է նաև դատական դպրոցը, որը կարևորագույն դերակատարում ունի հանրապետության արդարադատության իրականացման ամրապնդման գործում: Դատաիրավական բարեփոխումների իրականացման շրջանակներում համապատասխան պետական մարմինների հաստիքային միավորների տեղաբաշխումը կատարվել է հանրապետության նախագահի անմիջական հսկողությամբ՝ նրա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
Հատկանշական է, որ 2001 թվականին Եվրախորհրդի լիիրավ անդամ դառնալուց և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային միանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն ստացան դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ինչը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ասպարեզում լուրջ և շոշափելի առաջխաղացում էր։

Կոռուպցիայի դեմ պայքարը
2003-2007 թվականներին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դրսևորվել է պետական կառավարման բոլոր ճյուղերը ներառող համակարգային, օրենսդրական, ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ: 2003 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1522-Ն որոշումը: Կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու, դրանց կանխարգելման ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը կատարելագործելու նպատակով ՀՀ Նախագահի որոշմամբ ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որի կողմից 2004 թվականին կազմավորվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը:
[break]
Ստեղծվել են հասարակական կազմակերպությունների ավելի քան 120 ներկայացուցիչներից բաղկացած 10 աշխատանքային խմբեր՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման գերատեսչական մոնիտորինգ և իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնելու համար: Օրենսդրական բարեփոխումների շրջանակներում հիմնաքարային են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին», «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Վերահսկիչ պալատի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների ընդունումը: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսգրքերում, քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, հարկային և մաքսային ոլորտին առնչվող իրավական ակտերում՝ ուղղված տնտեսվարողների և քաղաքացիների հետ հարաբերություններում կամայական և սուբյեկտիվ մոտեցումների բացառմանը: Առողջապահության և կրթության ոլորտներում հստակեցվել են կրթական և առողջապահական ծառայությունների իրականացման չափորոշիչները, ինչը հնարավորություն է ընձեռել ձևավորել հստակ վերահսկողական մեխանիզմներ և ապահովել դրանց կիրառումը:
Կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում 2004 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբին՝ GRECO-ին: 2004 թվականին ընդունվել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)` անցումային տնտեսությամբ երկրների կոռուպցիայի դեմ պայքարի ցանցի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող երաշխավորությունները: 2004 թվականին ՀՀ ԱԺ կողմից վավերացվել են նաև «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան (կից հայտարարություններով), «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարությամբ) և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան: «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան ՀՀ ԱԺ կողմից վավերացվել է 2006 թվականին:

Քաղաքացիական ծառայության համակարգը
2001 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ սկսվեց Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման գործընթացը: Այն նպատակ ուներ նպաստելու արդյունավետ միասնական կադրային քաղաքականության վարմանը, պետական ապարատը քաղաքական ազդեցությունից զերծ, պրոֆեսիոնալ, բարոյական բարձր որակներով օժտված մասնագետներով համալրմանը:
[break]
Նույնքան կարևոր նշանակություն ուներ նաև բոլոր քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ատեստավորման նոր ինստիտուտների ներդրումը, ինչը մի կողմից ապահովում էր քաղաքացիական ծառայողների մասնագիտական ունակությունների ու գիտելիքների, կառավարչական հմտությունների կատարելագործումը, նրանց շարունակական ուսուցումը, մյուս կողմից` երեք տարին մեկ անգամ իրենց պաշտոններին քաղաքացիական ծառայողների համապատասխանությունը: Մրցութային հանձնաժողովի անաչառությունն ապահովելու նպատակով հստակ կանոնակարգվեցին թեստային առաջադրանքի գնահատման չափորոշիչները, մրցույթների և ատեստավորումների երկրորդ՝ հարցազրույցի փուլի անցկացման մեխանիզմները:
Ամուր նախադրյալներ ստեղծվեցին քաղաքացիական ծառայողների իրավական պաշտպանության և փոփոխելիության հիմնարար սկզբունքները կենսագործելու համար: Ներդրվել են համակարգում կադրային գործի վարման, մեթոդական ղեկավարման, քաղաքացիական ծառայողների գործունեության միասնական վերահսկողության արդյունավետ կառուցակարգեր:
Ակտիվ գործունեություն է ծավալվել այս ոլորտում միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների համապատասխան կառույցների հետ համագործակցություն ծավալելու և խորացնելու ուղղությամբ:
Նշանակալից նորարարություններից պետք է համարել այն, որ արդեն 2002թ. հոկտեմբերից քաղաքացիական ծառայության բոլոր թափուր պաշտոններն սկսեցին համալրվել բացառապես մրցույթների միջոցով: Այդպիսով, բոլոր քաղաքացիների համար համահավասարություն ապահովվեց պետական կառավարման այս ոլորտ մուտք գործելու համար:
Համաշխարհային բանկի գնահատումներով Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության գործող համակարգը կարող էր օրինակելի լինել ԱՊՀ տարածքի երկրների համար:

Օմբուդսմանի ինստիտուտը
Օմբուդսմանի ինստիտուտի ներմուծման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված էր Եվրոպայի խորհրդին ՀՀ-ի անդամակցությամբ: ԵԽԽՎ թիվ 221 (28 հուլիսի 2000թ.) կարծիքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականի հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո 6 ամսվա ընթացքում պետք է ընդուներ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը: 2003 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց համանուն օրենքը, որը ՀՀ Նախագահի կողմից ստորագրվեց 2003 թվականի նոյեմբերի 15-ին և ուժի մեջ մտավ 2004 թվականի հունվարի 1-ից: ՀՀ Նախագահը, խորհրդակցելով ԱԺ խումբ-խմբակցությունների հետ, 2004 թվականի փետրվարի 19-ին ՆՀ-23-Ա հրամանագրով Մարդու իրավունքների պաշտպան նշանակեց իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանին:
[break]
2005 թվականին շրջանառության մեջ դրվեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը և նոյեմբերի 27-ի հանրաքվեով այդ փոփոխություններն ընդունվեցին: Արդյունքում, փոփոխություններ կատարվեցին նաև օրենքում` այն Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Փոփոխված օրենքի 83.1 հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է հետևյալը. «Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին»: 2006 թվականի փետրվարին ընտրվեց առաջին պառլամենտական օմբուդսմանը` Արմեն Հարությունյանը՝ 6 տարի ժամկետով: Ընդ որում, առաջադրվել էին երկու թեկնածուներ, այսինքն ապահովված էր նաև այլընտրանքային թեկնածուի առկայությունը, որն առաջադրվել էր Ազգային Ժողովի ընդդիմադիր ուժերի կողմից: Փաստորեն առաջին անգամ պատմության մեջ ՀՀ-ում հիմք դրվեց խորհրդարանական օմբուդսմանի ինստիտուտի ստեղծմանը:
