Մանկություն
1954

Մանկություն

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կենտրոն Ստեփանակերտում։ Այնտեղ էլ մեծացել է և ավարտել միջնակարգ դպրոցը։ Այն ժամանակների համար սովորական՝ երջանիկ ու անհոգ մանկություն է ունեցել։

«Երեխաների կյանքն այդ տարիներին դրսում էր անցնում: Ամռանը շուտ էինք զարթնում, վազում գետի ափ ու ամբողջ օրն անցկացնում այնտեղ. լողում էինք, ձուկ բռնում, խաղում: Մեր խաղերից շատերն այսօր ոչ ոք չի հիշում, դրանք վաղուց չկան:»

Մանկություն
Պատանեկություն
1972-1988

Պատանեկություն

Դպրոցն ավարտելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Մոսկվա՝ էներգետիկայի ինստիտուտում սովորելու։ Սակայն մեկ տարի անց որոշեց փոխել իր կյանքի ուղին և վերադարձավ Ստեփանակերտ՝ բանակ զորակոչվելու նպատակով։ 1972-1974 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ նախ Լենինգրադի մոտ գտնվող Պուշկովոյում, այնուհետև՝ Վոլոգդայում, իսկ ծառայության վերջին ամիսներին՝ Մոնղոլիայում։

«Բանակում վարքի հմտություններ էի ձեռք բերում անբարյացակամ, երբեմն չափազանց ագրեսիվ միջավայրում: Գուցեև առանց դրանց չկարողանայի հաղթահարել այն փորձությունները, որ ճակատագիրն ինձ համար պատրաստել էր ապագայում:»

Զորացրվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը միանգամից սկսեց աշխատել՝ սկզբից Մոսկվայի ԵԲԿ-1 գործարանում, հետո Ստեփանակերտի մետաքսի կոմբինատում, որը Ղարաբաղի ամենախոշոր ձեռնարկությունն էր: Սակայն բարձրագույն կրթություն ստանալը կարևոր հարց էր։

«Ժամանակին, երբ երեխա էի, մայրս դժվարությամբ էր հաշտվել այն մտքի հետ, որ ես ու եղբայրս երաժշտության չգնացինք, իսկ որ որդին կարող է ինստիտուտ չավարտել՝ անպատկերացնելի էր:»

1977 թվականին Ռոբերտ Քոչարյանն ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, որն ավարտեց 1982 թվականին՝ կարմիր դիպլոմով։ Ընդ որում, վերջին տարիները սովորեց հեռակա՝ որոշելով վերադառնալ Ստեփանակերտ։ Հայրենի հողը ձգում էր, անելիքները շատ էին, Ղարաբաղի զարգացմանը նպաստելու ցանկությունը՝ անսահման։ Այնտեղ էլ, որոշ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանը ներգրավվեց սկզբից կոմերիտական, այնուհետև՝ կուսակցական աշխատանքի մեջ՝ դառնալով ԼՂԻՄ Մետաքսի կոմբինատի կուսակցական կոմիտեի քարտուղար։ Այս պաշտոնում էլ դիմավորեց բեկումնային 1988 թվականը։

«Ես դասակարգային տեսությանը չեմ հավատում, բայց տեսել եմ ու գիտեմ. չնայած բոլոր ներքին հակասություններին՝ բանվորական համերաշխություն գոյություն ունի: Կոլեկտիվին ձուլվելու զգացումը անդամներից յուրաքանչյուրին լրացուցիչ ուժ էր տալիս: Ղարաբաղում այդ ուժը լիուլի արտահայտվեց շատ շուտով, երբ սկսվեց ու ակնթարթորեն թափ առավ Ղարաբաղյան շարժումը:»

Պատանեկություն
Ղարաբաղյան շարժման առաջնորդ
1980-1991

Ղարաբաղյան շարժման առաջնորդ

1987 թվականի վերջին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը շատ արագ դարձավ համաժողովրդական։ Հայաստանին միանալու պահանջը ներկայացրած Ղարաբաղի հայությունն ինքնակազմակերպվում էր, և Ռոբերտ Քոչարյանը դարձավ շարժման քաղաքացիական առաջնորդներից մեկը։ Սկզբից նա անդամակցեց «Կռունկ» կոմիտեին, որի լուծարումից հետո գլխավորեց իր ստեղծած «Միացում» կազմակերպությունը: Այդ օրերից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանը արցախյան ազատագրական շարժման և ծավալվող բարդ քաղաքական գործընթացների կարևոր և մշտական մասնակիցն էր։ 1989-1990 թվականներին նա Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր էր, ապա՝ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991 թվականին ընտրվեց ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Դեռևս 1980-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։

«Ես մեկն էի նրանցից, ովքեր ժողովրդին ոգեշնչել էին ազատության համար պայքարի, և հաղթանակն այդ պայքարում իմ ամբողջ կյանքի գործն էր դարձել:»

Ղարաբաղյան շարժման առաջնորդ
Պատերազմող Արցախի ղեկավար
1994-1996

Պատերազմող Արցախի ղեկավար

Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ծավալեց Ղարաբաղի հայության դեմ։ 1992 թվականի օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր անկախություն հռչակած Արցախի տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Հենց ՊՊԿ-ն ստանձնեց ԼՂՀ-ն հակառակորդից ազատագրելու, ռազմական պայմաններում ապրող երկրի ներքին կյանքը և տնտեսությունը կազմակերպելու ամբողջ պատասխանատվությունը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր դարձրեցին բեկումը ռազմական գործողություններում: 1994 թվականի մայիսից, պատերազմում տարած փառահեղ հաղթանակից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, ԼՂՀ-ում սկսվեց խաղաղ շինարարության երկարամյա գործընթացը։

«Ադրբեջանը կռվում էր տարածքի համար, որտեղ մենք ապրում էինք: Մենք՝ ղարաբաղցիներս, նրան պետք չէինք: Այսօր կարող եմ խոստովանել, որ պատերազմի տարիներին երեխաներիս, կնոջս ու մորս Ղարաբաղում թողնելու որոշումը ամենածանրն է եղել երբևէ ընդունած իմ բոլոր որոշումներից:»

1994 թվականի մայիսից, պատերազմում տարած փառահեղ հաղթանակից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, ԼՂՀ-ում սկսվեց խաղաղ շինարարության երկարամյա գործընթացը։

1994 թվականի դեկտեմբերի 24-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրությունների արդյունքում, Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Այդ տարիներին նրա ղեկավարությամբ սկսվեց Արցախի բնակավայրերի, ենթակառուցվածքների և ամբողջ տնտեսության վերականգնման, պաշտպանության ամրապնդման, խաղաղ կյանքի կառուցման դժվարին գործընթացը:

Պատերազմող Արցախի ղեկավար
ՀՀ Վարչապետ
1997

ՀՀ Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունում 1996 թվականին ստեղծված քաղաքական ճգնաժամի հետևանքները մեղմելու և տնտեսության գահավիժումը կասեցնելու համար 1997 թվականին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն առաջարկեցին Ռոբերտ Քոչարյանին տեղափոխվել Երևան և ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը։ Հայաստանին հարկավոր էր ուժեղ կամային և կազմակերպչական հատկանիշներով օժտված գործադիր իշխանության ղեկավար։ Ռոբերտ Քոչարյանը, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, համաձայնեց, թողնելով ԼՂՀ նախագահի նոր ստանձնած պաշտոնը, և 1997 թվականի մարտի 20-ին նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։

Նշանակվելուց արդեն մի քանի ամիս անց զգալիորեն ավելացել էին բյուջեի մաքսային և հարկային եկամուտներն, ինչը հնարավորություն էր տվել լուծել բնակչության առաջնային նշանակության սոցիալական խնդիրները։ Ընդամենը 8 ամիս հետո Հայաստանում վճարվեցին աշխատավարձերի ու թոշակների բոլոր պարտքերը։ Ռ․ Քոչարյանի վարչապետության ժամանակ առաջին անգամ ՀՀ պետբյուջեն կատարվեց առանց դեֆիցիտի։

«Իմ վստահությունն ու աշխատանքի հստակ սահմանված արագությունն էլեկտրականացնում էր ամբողջ գործադիր իշխանությունը, կարծես էլեկտրական ազդակ էր անցել ու կարգաբերել էլեկտրոնների բրոունյան շարժումը՝ դրանք մղելով մեկ ուղղության․ մեքենան գործարկվել էր։»

ՀՀ Վարչապետ
Նախագահական տարիներ
1998-2008

Նախագահական տարիներ

1998 թվականի մարտին կայացած ընտրություններում 44-ամյա Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ։ 1998-2008 թվականներին Հայաստանի Հանրապետությունը լիովին վերափոխվեց՝ դառնալով աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը և գրանցելով ՀՆԱ-ի հնգապատիկ աճ։ Այդ տարիները Հայաստանի համար նշանավորվեցին բազմաթիվ ձեռքբերումներով ու նվաճումներով՝ դադարեց քաղաքացիների մասսայական արտագաղթը երկրից։ Նորընտիր նախագահի հանձնարարականով երկրի պետական բյուջեից երկրաշարժի հետևանքների վերացման համար առաջին անգամ հատկացվեց 250 մլն դրամ: Հաջորդող 10 տարիների ընթացքում միայն պետբյուջեի միջոցների հաշվին Շիրակի և Լոռու մարզերում շահագործման հանձնվեց շուրջ 5000 բնակարան: Օգտագործելով իր հեղինակությունը` Ռոբերտ Քոչարյանը կարողացավ այդ ազգանվեր գործում ներգրավել «Հայաստան» Համահայկական, Հանսմանի, ՀՕՖ-ի, ՀՕՄ-ի և բազմաթիվ այլ բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցները, իսկ ավելի ուշ աշխատանքներին սկսեց աջակցել նաև Լինսի հիմնադրամը։ Այդ տարիներին Հայաստանում իրականացվեցին բազմաթիվ ենթակառուցվածքային, քաղաքաշինական, մշակութային, գյուղատնտեսական և այլ ծրագրեր ու նախագծեր։ Իրեն հաջորդողների համար Ռոբերտ Քոչարյանն ստեղծեց ու թողեց ամուր բանակցային բազա Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։

«Մեզ պարտադրված առասպելը, թե երկրի զարգացումն անհնար է, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հօդս էր ցնդել: Մարդկանց մեջ Հայաստանի ապագայի հանդեպ հավատ էր հայտնվել: Ցանկացած նախագահ կարող է երազել այսպիսի արդյունքների մասին, ուստի ես պաշտոնից հեռանում էի կատարված պարտքի հաճելի զգացումով:»

Նախագահական տարիներ
Հետնախագահական տարիներ
2009-2020

Հետնախագահական տարիներ

ՀՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը 2009 թվականին դարձավ «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։ Անկախ տնօրենի կարգավիճակով նա 11-րդ անգամ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում: Խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վլադիմիր Եվտուշենկովը: Փոխնախագահներն են` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Աննա Բելովան և «Սիստեմա» կորպորացիայի նախկին նախագահ, «MTS» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Անդրեյ Դուբովսկովը: Խորհրդի կազմում են նաև Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը, «Դոյչե տելեկոմի» նախկին նախագահ Ռոն Զոմերը, «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը, «KPMG» խորհրդատվական ընկերության ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, «Segezha Group»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմ-Բիլ-Դանի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին, «Ռուսնանո մենեջմենթ քոմփընի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Չուբայսը


«Եթե թիկունքում երկիր կառավարելու հաջող փորձն է, եթե վստահ տիրապետում ես կառավարչական հմտություններին, եթե բաց ես նոր գիտելիքների առաջ, իսկ սեփական վսեմության փայլը չի կուրացնում, ապա արժանապատիվ աշխատանքը մշտապես կգտնի քեզ:»

Հետնախագահական տարիներ
Վերադարձ քաղաքականություն
2018

Վերադարձ քաղաքականություն

2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական կտրուկ փոփոխությունները պետական կառավարման ճգնաժամի հանգեցրին՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության գոյությունն ու ինքնիշխանությունը։ Ռոբերտ Քոչարյանը, թերևս, միակ քաղաքական գործիչն էր, ով ոգևորված չէր այդ իրադարձություններով և կանխատեսել էր երկրին սպառնացող վտանգները։ Շատ կարճ ժամանակ անց կանխատեսումներն սկսեցին իրականություն դառնալ, և Ռ․ Քոչարյանը չէր կարող չբարձրաձայնել այդ մասին։ Նախկին նախագահի շուրթերից հնչող քննադատությունը «թավշյա հեղափոխականների» աչքերում դիտվեց որպես քաղաքականություն վերադառնալու մտադրություն։ Շատ կարճ ժամանակում սարքվեց «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքով քրեական գործը, և այդ պահին արտերկրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին կանչեցին հարցաքննության։ Քաջ գիտակցելով՝ ինչ է իրեն սպասվում, Քոչարյանը ներկայացավ, նրան մեղադրանք առաջադրվեց, իսկ հաջորդ օրը նրան կալանավորեցին։ Մոտ երկու տարի մնալով կալանքի տակ՝ նա երբեք չդադարեցրեց իր պայքարը և ապացուցեց իր անմեղությունը։ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ Արցախի և Հայաստանի համար՝ հարցականի տակ դնելով հայկական պետականության ապագան։ Այդ ծանր պայմաններում Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու պատասխանատու և բարդ որոշում կայացրեց՝ երկրի և ազգի գերակա շահերից ելնելով։

«Ես մտադիր չէի քաղաքականություն վերադառնալ: Համարում էի, որ շրջել եմ այդ պատմության վերջին էջը ու վերջակետ դրել: Բայց, ինչպես պարզվեց, երբեմն քաղաքականությունն ինքն է վերադառնում քեզ մոտ: Չգիտեմ՝ ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, բայց ես պատրաստ եմ պայքարել:»

Վերադարձ քաղաքականություն