Բանակ

1998-2007 թվականների ընթացքում հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի երկայնքով Ադրբեջանը չի համարձակվել որևէ լուրջ ռազմական գործողություն ձեռնարկել Արցախի կամ Հայաստանի Հանրապետության դեմ և զերծ է մնացել լուրջ բախումներից։

Միջազգային փորձագետների գնահատմամբ, Հայկական Բանակը 1998-2007 թվականներին տարածաշրջանում ամենամարտունակն էր։

2000-2007 թվականներին սահմանային գծում Հայկական Բանակի զոհերի թիվը կտրուկ նվազել է։

[break]

1998-2007 թվականներին վերամշակվել և գործողության մեջ են դրվել մարտական պատրաստության նոր արդիական ծրագրեր, ինչպես նաև մարտական կանոնադրություններ, հրահանգներ, սպաների և ենթասպաների հրամանատարական պատրաստության ծրագրեր:

1998-2007 թթ․-ի մեծագույն նվաճումներից է այն, որ պետական պատվերի տեսքով սկսվեց ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում պաշտպանական նշանակության արտադրատեսակների մշակման, արտադրական տեխնոլոգիաների ստեղծման և արտադրության նպատակային ֆինանսավորման գործընթացը:

2007 թվականի փետրվարի 7-ին ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով հաստատվեց «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթուղթը, որն ամփոփեց երկրի քաղաքական ղեկավարության տեսլականը Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման վերաբերյալ:

1998-2007 թվականներին հայկական բանակի հզորության և բարձր մարտունակության ամենավառ ապացույցը Հայաստանի և Արցախի սահմաններին 10-ամյա լիարժեք խաղաղությունն էր։

Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ

Հայոց բանակը, սկիզբ առնելով տարերայնորեն ձևավորված կամավորական ջոկատներից, աստիճանաբար դարձավ կուռ և կանոնավոր պետական կառույց, որն արդարացիորեն համարվեց տարածաշրջանում ամենամարտունակը։

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախագծի շրջանակում 2005 թվականին հիմնվել է ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ)՝ որպես ապագա համալսարանի հետազոտական բաղադրիչ, մտավոր հենք ու կազմակերպական առանցք:

Համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ

1998-2007 թթ․ Ռուսաստանի դաշնության հետ կնքված պայմանագրերի շրջանակում Հայաստան էր մատակարարվում գերժամանակակից զենք և անհրաժեշտ քանակությամբ զինամթերք, այդ թվում նաև զինատեսակներ, որոնք տարածաշրջանում ուներ միայն Հայաստանը։

Գործողության մեջ էր դրվել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորախմբավորման կիրառման պլանը, ամեն տարի անցկացվում էին լայնածավալ, տարաբնույթ ռուս-հայկական զորավարժություններ, համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ:

ՀԱՊԿ

1998-2007 թվականներին ՀՀ ռազմական քաղաքականության արտաքին բաղադրիչում տեղի ունեցավ սկզբունքային փոփոխություն՝ պայմանավորված արտաքին քաղաքականության մեջ փոխլրացման սկզբունքի որդեգրմամբ: Այդ պայմաններում ԱՊՀ-ի և ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության մեջ մեծ նշանակություն ունեցավ 2002 թվականի հոկտեմբերին Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այն դարձավ ոչ միայն երկրի անվտանգության կարևոր բաղադրատարրը, այլև արտոնյալ պայմաններ ընձեռեց ռազմատեխնիկական մատակարարումների և ամենամյա համատեղ զորավարժությունների միջոցով բանակի մարտունակության բարձրացման հարցում։

ՆԱՏՕ

Կարևոր քայլ էր նաև Հայաստանի անդամակցությունը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդին, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության պարբերաբար մասնակցությունը անվտանգության հարցերի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ խորհրդակցություններին։ Միջազգային անվտանգության ոլորտում Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ իր դրսևորումն ստացավ Կոսովոյում․ ՀՀ ԶՈՒ-ի խաղաղապահ ստորաբաժանման և մասնագետների մասնակցության միջոցով Հայաստանը դարձավ միջազգային անվտանգության ոչ միայն սպառող, այլև ապահովման ակտիվ մասնակից, ինչն զգալիորեն բարձրացրեց Հայաստանի ռազմաքաղաքական վարկը միջազգային ասպարեզում: