Հարկային համակարգ

1998-2007 թվականներին Հայաստանում իրականացված հարկային քաղաքականությունը նպատակ ուներ առաջին հերթին ներդրումների համար բարենպաստ հարկային դաշտ ստեղծել։ Աստիճանաբար նվազեցվեցին շահութահարկի սահմանային դրույքաչափը (30 տոկոսից մինչև 20 տոկոս) և եկամտահարկի դրույքաչափը (30 տոկոսից մինչև 20 տոկոս), սոցիալական ապահովագրության վճարների առավելագույն դրույքաչափերը (37 տոկոսից մինչև 15 տոկոս): Հարկման արդարացիության սկզբունքից ելնելով՝ ֆիզիկական անձանց պատկանող ավելի բարձրարժեք գույքի համար սահմանվեցին աճողական բարձր դրույքաչափեր:

[break]

Հարկման բարենպաստ պայմաններ սահմանվեցին նաև ներդրումներից ստացվող շահաբաժինների մասով՝ Հայաստանում ստացված շահաբաժինները հիմնականում չեն հարկվում։ Այդ տարիների հարկային քաղաքականության ևս մի ուղղությունը տնտեսվարողների համար համահավասար պայմանների ապահովումն էր, հարկերի հաշվարկման և վճարման մեխանիզմների հնարավորինս պարզեցումը, հարկատուների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը: Փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսման նպատակով կարևոր քայլ էր 2000 թվականից պարզեցված հարկի կիրառությունը, ինչը փոքր ձեռնարկության դեպքում փոխարինեց ավելացված արժեքի հարկը և շահութահարկը (կամ եկամտահարկը): Հարկման նման մոտեցման կիրառումը հնարավորինս պարզեցրեց հարկային հաշվառումը, նվազեցրեց հարկային մարմինների և պարզեցված հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների շփումների հաճախականությունը և բարելավեց վերջիններիս տնտեսվարման պայմանները։ 2003 թվականից հետո զգալիորեն կատարելագործվեցին նաև հարկային հսկողության մեխանիզմները: Միաժամանակ, չի անտեսվել այդ փոփոխությունների ճանապարհին զգուշության հարցը, որպեսզի չվնասվի տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեության ընթացքը:

2007 թվականին հարկային եկամուտները 1997 թվականի համեմատությամբ աճեցին ավելի քան 4.6 անգամ:

Մաքսային համակարգ

2001 թվականին ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը, որով փորձ արվեց լուծում տալ մի շարք կարևորագույն հարցերի: Մաքսային քաղաքականությունն ուղղվեց ազատ առևտրի զարգացմանը: Սահմանվեցին մաքսատուրքերի բավականին ցածր դրույքաչափեր, մասնավորապես, արտահանման համար 0 տոկոս, իսկ ներմուծման համար` առավելագույնը 10 տոկոս: Աշխատանքներ են տարվել ազատ առևտրի զարգացման խոչընդոտների կրճատման ուղղությամբ, հանվել են ներմուծման լիցենզավորումը և քվոտաների սահմանումը: Արդյունքում հնարավորություն ստեղծվեց Հայաստանի շուկա ապրանքներ և ծառայություններ ներկրել առավել մատչելի գներով: Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրեր կնքվեցին Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Մոլդովայի հետ:

Ֆինանսաբանկային համակարգ

1998-2006 թվականներին Հայաստանում իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել այնպիսի ֆինանսական համակարգ ունենալուն, որը կլինի առողջ և կայուն, իրացվելի, վճարունակ, ծավալների, գործիքների և մասնակիցների աճ ու բազմազանություն ապահովող, տնտեսությունն ակտիվորեն սպասարկող, միասնական փիլիսոփայությամբ զարգացող: Տվյալ ժամանակաշրջանում լուրջ ջանքեր են գործադրվել բանկային համակարգը վատորակ ակտիվներ ունեցող և զարգացման հեռանկար չունեցող տասնյակ բանկերից ձերբազատելու ուղղությամբ, ինչի արդյունքում լուծարվեց 11 բանկ, գրանցումից հանվեց 30 բանկ, տեղի ունեցավ երկու բանկի միաձուլում, իսկ մեկ բանկ վերաձևակերպվեց վարկային կազմակերպության: Միևնույն ժամանակ նոր բանկային լիցենզիաներ տրամադրվեցին 3 բանկի: Արդյունքում ՀՀ ֆինանսական համակարգում ձևավորվեցին կայուն ֆինանսական ինստիտուտներ, որոնք, լինելով ճկուն, ամուր դիրքեր գրավեցին ֆինանսական շուկայում:

[break]

2006 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ բանկային համակարգում գործում էր 21 բանկ, որոնց ընդհանուր ակտիվները կազմում էին 524.5 մլրդ դրամ, իսկ նրանց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ 19.7 տոկոս: 1998-2006 թվականների ընթացքում բանկային համակարգի ակտիվներն ավելի քան եռապատկվել էին՝ աճելով 227 տոկոսով, ընդ որում միջին տարեկան աճը ողջ ժամանակահատվածում կազմել էր 16.3 տոկոս: Միևնույն ժամանակ զգալի աճ է արձանագրվել նաև կապիտալի գծով՝ միջին տարեկան 39.5 տոկոս, իսկ 2006 թվականին այդ ցուցանիշը 1998 թվականի նկատմամբ քառապատկվել էր: Ավանդների աճին նպաստել էր հայրենական պլաստիկ քարտերի ներդրումը և այդ շուկայի բուռն զարգացումը: Փողայնացման ցուցանիշը նույնպես բարելավվել էր` 1998 թվականին այն կազմում էր 10 տոկոս, մինչդեռ 2006 թվականի վերջի դրությամբ այդ ցուցանիշը 18.3 տոկոս էր: 1998-2006 թվականներին բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորումն աճել էր մոտ 3.6 անգամ, սակայն առավել արտահայտիչ աճ էր արձանագրվել 2004-2006 թվականներին` տարեկան միջին հաշվով աճելով 36 տոկոսով:

Տնտեսության կայունացումն իր դրական ազդեցությունն է ունեցել նաև բանկային համակարգի կողմից ավանդների ներգրավման վրա: Այսպես, 1998 թվականից ի վեր բանկային համակարգի ավանդներն ավելի քան քառապատկվել են, ընդ որում, 2004 թվականից վարվող՝ տնտեսության ապադոլարացման հետևողական քաղաքականության և դրամի դիրքերի ամրապնդման արդյունքում դրամային ավանդներն աճել են 7 անգամ՝ արտարժութային ավանդների 2.7 անգամ աճի պայմաններում:

Գնուﬓերի համակարգ

1998-2007 թվականներին անհրաժեշտ էր կանոնակարգել նան պետության և համայնքների կարիքների համար կատարվող գնումների գործընթացը: Դրա նպատակն էր հանրային ֆինանսների կառավարման ամբողջական համակարգ ձևավորելը, պետական գնումների համար նախատեսված հատկացումները մրցակցային հիմունքներով բաշխելը, ինչպես նաև այս բնագավառում հնարավոր չարաշահումները կանխելը։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2000 թվականին ընդունվեց, այնուհետև 2004 թվականին վերանայվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որով կանոնակարգվեցին հանրային հատվածի կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում մի քանի տարում մրցակցային ձևով կատարված գնումների ծավալը աճեց ընդհանուր գնումների ծավալի 20 տոկոսից մինչև 80 տոկոսը:

Գործարար ﬕջավայր

Հայաստանը, 1997 թվականից սկսած, թևակոխեց տնտեսական առաջընթացի փուլ: Համակարգային բարեփոխումներն ընթացան շուկայական տնտեսությանը բնորոշ նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների և կառույցների ներմուծմամբ: Հետագայում դրվեց դրանց արդյունավետության բարձրացման և եվրոպական չափանիշներին համապատասխանող գործարար միջավայր ձևավորելու գերխնդիր: ՀՀ ղեկավարության հետևողական քաղաքականության շնորհիվ ունեցած ձեռքբերումներն ակնառու կերպով արտահայտվեցին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող վարկանիշային գնահատումներում՝ 2007 թվականի դրությամբ Հայաստանը կայուն և գրավիչ երկիր էր օտարերկրյա գործարարների համար։

[break]

  • Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Doing Business 2007» զեկույցի համաձայն՝ Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելու» վարկանիշային դասակարգմամբ զբաղեցրել էր 34-րդ տեղը՝ առաջ անցնելով ԱՊՀ և հարևան բոլոր երկրներից:
  • 2006 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից (OECD) վերանայվել է Հայաստանին տրված ռիսկայնության գործակիցը և, «Արտահանմանը պաշտոնապես սատարող վարկերի տրամադրման կարգին» համապատասխան, Հայաստանը տեղափոխվել է ռիսկայնության 7-րդ խմբից 6-րդը:
  • «Wall Street Journal» և «Heritage Foundation» հիմնադրամների կողմից հրապարակվող Տնտեսական ազատականության ցուցանիշի 2006 թվականի դասակարգման արդյունքում Հայաստանը 161 երկրների շարքում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 2002 թվականի 45-րդ տեղի փոխարեն՝ առաջ անցնելով ԱՊՀ և հարևան բոլոր երկրներից:

Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրությանը

Երկրի կայուն տնտեսական զարգացման արագացումը մեծապես պայմանավորված էր տնտեսական շրջանառության մեջ մեծաթիվ սուբյեկտների ներգրավմամբ: Այս տեսանկյունից էլ կարևորվել է փոքր և միջին ձեռնարկատիրությանն (ՓՄՁ) ուղղված պետական աջակցությունը: 2000 թվականին ընդունվեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվեցին Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչները և ՓՄՁ պետական աջակցության հիմնական ուղղություններն ու աջակցության տրամադրման մեխանիզմները: 2002 թվականից ի վեր Հայաստանում մշակվել և իրականացվել էին ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր: 2002 թվականին հիմնադրվեց «Հայաստանի փոքր ն միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ)` որպես երկրում ՓՄՁ պետական աջակցություն իրականացնող հիմնական կառույց: 2003-2005 թվականների ընթացքում ՀՀ բոլոր մարզերում ստեղծվեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր:

[break]

Իրականացվող քաղաքականության շրջանակներում կարևորվեց ՓՄՁ շահերը ներկայացնող գործարար ասոցացիաների և միությունների դերակատարությունը, ՓՄՁ սուբյեկտներին գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարողությունների զարգացումը։ Այս տեսանկյունից կարևոր է ընդգծել Գործարարության աջակցման խորհրդի ստեղծումը (2000թ.), ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ձևավորումը (2002թ.), գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների թվի նշանակալի ավելացումը, ինչպես նաև ՀՀ կառավարության նիստերին ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահի մշտական մասնակցությունը:

Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից (ինչպիսիք են` GIZ, KFW, EBRD, USAID, OECD, OSCE, BSEC, WB) սկսեցին իրականացվել ՓՄՁ զարգացմանն ու աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Այս ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը Հայաստանում ներառեց միջազգային պրակտիկայում ՓՄՁ զարգացման քաղաքականության և ռազմավարության բոլոր բաղադրիչները՝ բարենպաստ գործարար միջավայրի ապահովում, գործարար համայնքի հետ երկխոսություն, ՓՄՁ աջակցության ենթակառուցվածքների ձևավորում, տեխնիկական և ֆինանսական աջակցություն: Արդյունքում արձանագրվեց ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ:

Նորարարական գործունեություն

2002 թվականին նախանշվեց Հայաստանում գիտութան և տեխնիկայի զարգացման գերակայությունը: Տնտեսության իրական հատվածում ակնհայտ էր տեխնոլոգիական բացի առկայությունը, որի հետևանքով հայրենական արտադրանքը դեռևս նվազ մրցունակ էր միջազգային շուկաներում: Այդ գիտակցմամբ՝ ՀՀ կառավարությունը 2003-2007 թվականների գործունեության ծրագրով ամրագրեց տնտեսությունը նորարարական զարգացման ուղի փոխադրելու նպատակը: 2005 թվականին գործադիրի կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն գործունեության հայեցակարգը», որով ամրագրվեցին նորարարական քաղաքականության սկզբունքներն ու մոտեցումները: Հայեցակարգին հաջորդեցին 2005 թվականի սեպտեմբերին հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման և զարգացման 2005-2010 թվականների ծրագիրը և 2006 թվականի մայիսին ընդունված «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը։ Արդյունքում, Հայաստանում նորարարական զարգացումների համար ստեղծվեցին ինստիտուցիոնալ լուրջ հիմքեր, որոնք հնարավորություն էին ընձեռում զարգացումներն ուղղորդել գիտելիքահեն տնտեսության կայացմանը՝ կայուն երաշխիքներ ապահովելով Հայաստանի մրցունակության շարունակական բարձրացման համար։

ՏՏ ոլորտի զարգացում

1998-2007 թվականներին ՀՀ կառավարությունը, կարևորելով ՏՏ արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը։ Դեռևս 2000 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Այնուհետև` 2001 թվականին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը։

[break]

ՀՀ Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (ՏՏԶԱԽ) կապող օղակ էր կառավարության և ՏՏ բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև։ Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Կնքվել էին համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկատելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը» և այլն։ Ավանդական դարձավ ամենամյա «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրի ներքո անցկացվող բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև «ԱրմԹեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովի կազմակերպումը։