Ներդրումներ

Հայաստանի նորագույն պատմության ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ի նկատմամբ առավելագույնը կազմել է 11․6 տոկոս` Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, նվազագույնը 0․13 տոկոս՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին տարում (1992թ.)։ Սերժ Սարգսյանի օրոք միջին ցուցանիշը եղել է 4.7 տոկոս, իսկ Արմեն Սարգսյանի կառավարման ընթացքում ներդրումների ցուցանիշը եղել է 4.4 տոկոս։

Oտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին`

  • 1998 թվականին` 232.3 մլն ԱՄՆ դոլար,
  • 2007 թվականին՝ 667.7 մլն ԱՄՆ դոլար (աճել է 2.87 անգամ):

[break]

Oտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 1998-2007 թվականներին կազմել է 2․435․462 մլն ԱՄՆ դոլար:

Եթե 1998-2002 թվականներին ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները մեծապես պայմանավորված էին կապի և էներգետիկայի բնագավառի ներդրումային մասնավորեցումներով, ապա 2003 թվականից սկսած զգալիորեն աճեց փոքր և միջին ծավալի օտարերկրյա ներդրումների քանակը։ 1998-2007 թվականներին Հայաստանում օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հիմնված ձեռնարկությունների թիվն աճեց ավելի քան 12 անգամ՝ 310-ից հասնելով 3845-ի։

ՀՆԱ

Ջինիի գործակիցը, որը հասարակության շերտավորման վիճակագրական ցուցանիշն է և հիմնված է սպառման վրա, 1998 թվականին վկայում էր Հայաստանում եկամուտների բավականին բարձր մակարդակի հասնող անհավասարաչափ բաշխման մասին՝ կազմելով 0.57 (0-ն լիարժեք հավասարությունն է, 1-ը՝ բացարձակ անհավասարություն): Աղքատության մակարդակը 1998-1999 թվականներին հատել էր 55 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատությունը կազմել էր 23 տոկոս, ցածր էր նաև տնտեսական ակտիվության ցուցանիշը:

[break]

Երկրի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր 609 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձի՝ օրենքով սահմանված նվազագույն չափն ընդամենը 1․000 ՀՀ դրամ: Այդ ժամանակահատվածում ցածր աշխատավարձն ու աղքատությունը ոչ միայն իրենց ներգործուն ազդեցությունն էին ունեցել մարդկանց կենսամակարդակի և կյանքի որակի վրա, այլև դրդել են սեփական երկրի ապագայի նկատմամբ մեծ հույսեր չունենալուն: Տարիների ընթացքում Ջինիի գործակիցը որոշակիորեն սկսեց մեղմվել՝ 2007 թվականին իջնելով մինչև 0.371: Զգալի տեմպերով ավելացավ նաև 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, որը 1998 թվականին կազմել էր 609.2 ԱՄՆ դոլար, իսկ 2007 թվականին՝ 3․138 ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 5 անգամ: Մարդիկ սկսեցին նկատելիորեն ավելի լավ ապրել, ավելի շատ սպառել, շրջագայել և հանգստանալ: Մի շարք փորձագիտական գնահատականներ փաստում են, որ ՀՀ ազգաբնակչության ընտանիքների ավելի քան 60 տոկոսը 2003-2007 թվականներին սկսել են ապրել ավելի բարեկեցիկ` սկսել են սեփական գործը, սկսել են զբաղվել առևտրով, անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, ընտանիքի անդամներն անցել են աշխատանքի, ձեռք են բերել անշարժ գույք կամ բարելավել են բնակարանային պայմանները: Այդ տարիներին ստեղծվեցին բավարար հիմքեր մակրոտնտեսական արդյունավետ կառավարումը շարունակելու և կենտրոնանալու միջնաժամկետ հատվածում կայուն և բարձր տնտեսական աճի, գործազրկության մեղմման և գնաճի կառավարելի մակարդակի պահպանման վրա (գնաճը 1998 թվականին կազմում էր 8.7 տոկոս, իսկ 2007 թվականին՝ ընդամենը 4.6 տոկոս):

Հայաստանի ՀՆԱ-ն 1998 թվականին կազմել էր 955․384.9 մլն ՀՀ դրամ կամ 1.89 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2007 թվականին՝ 3․149․283.4 մլն ՀՀ դրամ կամ 9.20 մլրդ ԱՄՆ դոլար` դրամային արտահայտությամբ աճելով 3.3 անգամ:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 1998 թվականին կազմել էր 609 ԱՄՆ դոլար, իսկ 2007 թվականին՝ 3․138 ԱՄՆ դոլար՝ աճելով ավելի քան 5 անգամ:

Ուշագրավ է, որ Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում 2007 թվականին որոշիչ դեր էին խաղում՝

  • առևտուրն ու ծառայությունները՝ 1․059․126 մլն դրամ, 1998 թվականի համեմատ աճել էին 3.3 անգամ,
  • շինարարությունը՝ 772․787 դրամ, 1998 թվականի համեմատ աճել էր 10.09 անգամ,
  • գյուղատնտեսությունը` 574․739 դրամ, 1998 թվականի համեմատ աճել էր 1․95 անգամ,
  • արդյունաբերությունը՝ 471․472 դրամ, 1998 թվականի համեմատ աճել էր 2․4 անգամ:

Գինեգործություն

Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի առաջատար և առավել հեռանկարային՝ խաղողագործության և գինեգործական արտադրանքի արտադրության ոլորտներում 1998-2007 թվականներին իրականացված աշխատանքների շնորհիվ արձանագրվեց խաղողի արտադրության վերականգնում և գինեգործության նկատելի զարգացում: Գինեգործության ոլորտում կատարված մեծածավալ ներդրումների և իրացման նախկին շուկաների վերականգնման արդյունքում աստիճանաբար մեծացավ խաղողի պահանջարկը, որին հաջորդեց նաև խաղողի նոր այգետարածքների հիմնումը:

[break]

Իրականացվող արդյունավետ քաղաքականության արդյունքում դրսևորվեցին արտահանման և իրացման կայուն աճի միտումներ՝ իրենց հետ բերելով խաղողի նկատմամբ պահանջարկի ավելացում:

1990-2002 թվականներին խաղողի այգիների տարածքների կրճատում էր արձանագրվել, իսկ վերականգնումն սկսվել էր 2003 թվականից ի վեր:

2002 թվականից գինեգործության ոլորտում որակապես նոր տեխնոլոգիաների ներդրումը, մշակման և մթերման նորարարական մոտեցումների կիրառումը ստեղծեցին տարածաշրջանին հատուկ գինեգործության մշակույթ՝ ի դեմս «Կարաս» գինիների ցանցի:

2002 թվականից սկսած այգիներն սկսեցին մշակել արդի տեխնոլոգիաների և յուրաքանչյուր տեսակի համար առանձնահատուկ խնամքի զուգակցման մեթոդով` յուրաքանչյուր տեսակի ներուժը զարգացնելու նպատակով: Խաղողագործության զարգացման համար կառավարության կողմից տրամադրված արտոնյալ վարկերի և հետևողական քաղաքականության արդյունքում ոլորտում արձանագրվել էին շոշափելի արդյունքներ:

  • 2007 թվականին 1 հեկտարից ստացվում էր 13.8 տոննա բերք՝ ավելի քան 2 անգամ գերազանցելով 1998 թվականի մակարդակը։
  • 2007 թվականին խաղողի բերքը կազմել էր 218.9 հազար տոննա՝ կրկնակի գերազանցելով 1998 թվականի մակարդակը։
  • 2007 թվականին խաղողի գինու արտադրության ծավալները կազմել էին ավելի քան 3.6 մլն լիտր՝ գերազանցելով 1998 թվականի մակարդակն ավելի քան 2 անգամ։/li>
  • 2007 թվականին խաղողի գինու (ներառյալ շամպայն) արտահանումը կազմել էր 1.3 մլն տոննա՝ գերազանցելով 1998 թվականի մակարդակը 51 տոկոսով։

2007 թվականին խաղողի գինու, շամպայնի արտահանումից ստացված եկամուտները գերազանցել էին 1998 թվականի մակարդակը 6.7 անգամ։

Արտահանում

2007 թվականի դրությամբ Հայաստանի արտահանման ծավալները հասել էին բարձր մակարդակի՝ գերազանցելով 1998 թվականի ցուցանիշը շուրջ 5 անգամ։ Միայն 2007 թվականին Հայաստանի Հանրապետությունից արտահանվել էր 1.15 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, որը ներառում էր՝

  • գյուղատնտեսական արտադրանք՝ 196․566 մլն ԱՄՆ դոլար,
  • թարմ մրգեր՝ 156.8 մլն ԱՄՆ դոլար,
  • թարմ բանջարեղեն՝ 165 մլն ԱՄՆ դոլար,
  • թանկարժեք քարեր և մետաղներ՝ 208․729 մլն ԱՄՆ դոլար,
  • ոչ թանկարժեք մետաղներ՝ 390․160 մլն ԱՄՆ դոլար։

[break]

1998-2007 թվականներին զգալիորեն ընդլայնվեց նաև ՀՀ-ից ապրանքների արտահանման աշխարհագրությունը։ Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունքում միայն Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ավելի քան 174 մլն ԱՄՆ դոլարի՝ 1998 թվականի 94.8 մլն ԱՄՆ դոլարի համեմատ։

Բանկեր և ֆինանսական համակարգ

1998 թվականի սկզբին Հայաստանի բանկային համակարգում գործում էր 30 բանկ։ Բանկերի ակտիվները կազմում էին 106 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի ընդամենը 13 տոկոսը, կապիտալը՝ 17 մլրդ դրամ։ Բանկերը փոքր էին, «փխրուն», ֆինանսական վիճակն՝ անկայուն։ Առաջին քայլերից մեկն էր համակարգում իրական խնդիրների բացահայտումն ու «մաքրումն անառողջ» բանկերից։ Արդյունքում՝ փակվեցին կամ այլ կերպ վերակազմավորվեցին 16 բանկ։ Առաջին անգամ մեր պատմության մեջ նշված «խնդրահարույց» բանկերի շուրջ 15 000 ավանդատուների մեծամասնությունն ստացավ իր ներդրած ավանդները, և դա իրականացվել էր ոչ ի հաշիվ պետության և հարկատուների։

[break]

Չնայած «խնդրահարույց» բանկերի թիվը գերազանցում էր բանկերի կեսը, երկրում ֆինանսական ճգնաժամ չարձանագրվեց։ «Մաքրման» ժամանակաշրջանից հետո բանկային համակարգն արձանագրեց արագընթաց աճ։ Երկրում ձևավորվեց որակապես նոր բանկային համակարգ, գրավիչ միջավայր ստեղծվեց օտարերկրյա ինստիտուցիոնալ բանկերի համար։ Եթե 1998 թվականին բանկային համակարգում կար ընդամենը 3 օտարերկրյա ինստիտուցիոնալ բանկ, ապա այժմ՝ 11։

2007 թվականի արդյունքներով բանկային համակարգի ակտիվները կազմեցին 765 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 24.3 տոկոսը, կապիտալը՝ 172 մլրդ դրամ։ Այսինքն՝ 1998-2007 թվականներին բանկային համակարգի ակտիվներն աճել էին շուրջ 7 անգամ, իսկ կապիտալը՝ ավելի քան 10 անգամ։

Բանկերն սկսել էին վարկավորել խոշորածավալ ու երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, լայն թափ էր առել հիփոթեքային վարկավորումը, սպառողական վարկերը դարձել էին քաղաքացիների մշակույթի մաս։ Հայաստանը հայտնվել էր միջազգային ֆինանսական շուկայի «քարտեզում»՝ ստանալով հեղինակավոր միջազգային ռեյտինգային գործակալությունների վարկանիշը։

  • Տրանսֆերտների ծավալը 1998 թվականին կազմել էր 166.65 մլն ԱՄՆ դոլար, 2007 թվականին՝ 1․644.38 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 9.87 անգամ:
  • Վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 1998 թվականին կազմում էր 7.4 տոկոս, իսկ 2007 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 13.5 տոկոս: Սա նշանակում է, որ ՀՀ բանկային համակարգն իր դերակատարումն էր ունեցել ՀՀ տնտեսական աճի ապահովման և երկրում ձեռնարկատիրական գործունեության զարգացման հարցում:
  • Պահուստային ակտիվների ծավալը 1998 թվականին կազմում էր 239.81 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2007 թվականին՝ 1․656.89 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 6.91 անգամ:

ՓՄՁ

1998-2007 թվականներին Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչը «Փոքր և միջին ձեռնարկատիրության» (ՓՄՁ) զարգացումն էր: Այս ոլորտը, նշանակալից ազդեցություն ունենալով երկրում նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, հռչակվեց ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը:

[break]

ՓՄՁ զարգացման և աջակցության համակարգի կայացման ուղղությամբ իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին ազգային տնտեսության մեջ ներմուծել ՓՄՁ պետական քաղաքականության հետևողական իրագործման համար անհրաժեշտ գրեթե բոլոր հիմնարար սկզբունքներն ու մեխանիզմները:

2002 թվականից ի վեր երկրում սկսեցին մշակվել և իրականացվել ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք ներառում էին՝ վարկային երաշխավորությունների տրամադրում, վարկային տոկոսների սուբսիդավորում, կապիտալի ֆինանսավորում, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն, ուսուցողական, տեղեկատվական խորհրդատվական և ապրանքների ու ծառայությունների առաջմղում: Ընդ որում՝ իրականացվող աջակցության ծրագրերի ավելի քան 80 տոկոսն ուղղված էր ՀՀ մարզերում, հեռավոր և սահմանամերձ շրջաններում սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին: Վարկային երաշխավորությունների ծրագրի շրջանակներում 2004-2007 թվականների ընթացքում տրամադրվել է շուրջ 785 մլն ՀՀ դրամ գումարի երաշխավորություն` ապահովելով մոտ 1.5 մլրդ ՀՀ դրամի վարկային փաթեթ միայն ՀՀ մարզերում գործող ՓՄՁ սուբյեկտների համար:

2002-2007 թվականներին պետական ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ աջակցություն էր ստացել ավելի քան 19,000 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտ, որոնց 9526-ը՝ 183 մարզերում: Որպես այս ոլորտում տնտեսական քաղաքականության տրամաբանական արդյունք` արձանագրվեց ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: 2007 թվականին պետական աջակցության ծրագրի շնորհիվ զգալիորեն աճեց ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռն արդյունաբերության, շինարարության, առևտրի, ծառայությունների և այլ ոլորտներում: 2006 թվականին ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել էր 40.3 տոկոս՝ կրկնակի գերազանցելով 1999 թվականի մակարդակը: Դրա հետ մեկտեղ, ավելացել էր նաև այս ոլորտի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում` 2006 թվականին կազմելով 16.9 տոկոս՝ 2003 թվականի 14.3 տոկոսի դիմաց: ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկված ՓՄՁ զարգացման ինդեքսը Հայաստանում 2006 թվականին աճել էր շուրջ 3 անգամ՝ 2002 թվականի համեմատությամբ:

Հանքարդյունաբերություն

1998-2007 թվականներին ոլորտում ձեռնարկվեցին մի շարք կարևորագույն միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրումների ներգրավմանը, արդյունահանման ծավալների ավելացմանը, վերամշակման խորացմանը: 2002 թվականին Լոնդոնում կայացած հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանող աշխարհի ամենահեղինակավոր «Mining Journal» ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությանը «Մրցանակ երկրին» անվանակարգի մրցանակը շնորհվեց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումներով աչքի ընկած երկիր:

Հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը 1998 թվականին կազմում էր ընդամենը 20․2 մլրդ դրամ, իսկ 2007 թվականին՝ արդեն 169․4 մլրդ դրամ, աճը կազմել է մոտ 8.4 անգամ։

Ադամանդագործություն և ոսկերչություն

Տնտեսության վերջին 10 տարիների զարգացումներում առանձնանում են ադամանդագործության և ոսկերչության ոլորտում նկատվող միտումները: 2007 թվականին ոլորտի թողարկած արտադրանքի ծավալը կազմել էր 145 մլն ԱՄՆ դոլար: Համեմատության համար՝ 1997 թվականին այն կազմել էր 29.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 1998 թվականին՝ 48.1 մլն ԱՍՆ դոլար: 1998-2007 թվականներին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է մոտ 1.65 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է: Նույն ժամանակահատվածում ոլորտում զբաղվածների թիվն աճել է 3-4 անգամ:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

2000 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ է հռչակվել:

2007 թվականին Հայաստանում գործում էին այս ոլորտի ավելի քան 230 ձեռնարկություն:

1997-2007 թվականներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օտարերկրյա ընկերությունների կողմից հիմնադիր կապիտալի տեսքով ներդրվել է մոտ 75 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանյան մասնաճյուղեր են հիմնել և գործունեությունն ընդլայնելու ծրագրեր են իրագործել մի շարք օտարերկրյա ընկերություններ` «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Ալկատել», «Լայքս», «Սորսիո» և այլն: