Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ միշտ առանձնակի նշանակություն են ունեցել հայ-ռուսական հարաբերությունները: Երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության արդյունքը դարձան ավելի քան 160 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական պայմանագրերն ու համաձայնագրերը: Հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ ստացան 2000 թվականին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՌԴ կատարած առաջին պաշտոնական այցից հետո: Քննարկված և համաձայնեցված մի շարք խնդիրների և ստորագրված փաստաթղթերի շարքում հիշատակելի է առանց մուտքի արտոնագրերի ՀՀ և ՌԴ քաղաքացիների փոխայցելության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը դարձավ ՌԴ հետ նման համաձայնագիր կնքած առաջին պետությունն այն պահից ի վեր, երբ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցրեց իր մասնակցությունը Բիշքեկի պայմանագրին: ՀՀ Նախագահի այցի կարևորագույն արդյունքը դարձավ «21-րդ դարում ՀՀ և ՌԴ միջև ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիրը, որով հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը թևակոխեց նոր հանգրվան:

[break]

Երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցությունը կարգավորում էր ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովը: Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը տարեցտարի զարգացավ՝ ՌԴ-ից Հայաստան էր առաքվում բնական գազ, մատակարարվում էր ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքը, ներկրվում էին նաև բնական ալմաստներ, որոնց մշակումը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից էր: ՀՀ Նախագահի 2001 թվականի սեպտեմբերի 15-ի ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվեց համաձայնագիր ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև և մարզերի ու ՌԴ վարչական միավորների միջև համագործակցության սկզբունքների վերաբերյալ, որը հնարավորություն տվեց այդ ուղղությամբ իրականացնել լայնածավալ գործունեություն:

2006 թվականի դեկտեմբերին պետական մակարդակով և մեծ շուքով մեկնարկեց Հայաստանի տարին Ռուսաստանում։ Բացման արարողությունը տեղի ունեցավ Կրեմլի պետական պալատում երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ։ Տարվա ընթացքում անցկացվեցին գիտական կոնֆերանսներ, բիզնես-համաժողովներ, ցուցահանդեսներ և համերգներ, ինչը թույլ տվեց հարստացնել հայ-ռուսական համագործակցությունը, բացահայտել նոր հեռանկարներ գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում, ամրապնդել կապերը երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների միջև։ Այդ խոշոր միջոցառումը 2005-2006 թվականներին անցկացված՝ Հայաստանում Ռուսաստանի տարվա տրամաբանական շարունակությունը դարձավ, որը նույնպես կազմակերպվել էր ամենաբարձր պետական մակարդակով։

Ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումները 1997-2008 թվականներին ամրապնդեցին դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման վճռականությունը:

1998-2007 թվականներին ՌԴ-ից տնտեսության իրական հատված ներգրավված ներդրումների ծավալը կազմել էր 1․097.39 մլն ԱՄՆ դոլար: Ուղղակի ներդրումները կազմել էին 734.12 մլն ԱՄՆ դոլար: 1998-2007 թվականներին ՌԴ-ից ներդրումների բաղադրյալ տարեկան աճի տեմպը կազմել էր 29.71 տոկոս:

2007 թվականին ՌԴ-ից տնտեսության իրական հատված ներգրավված օտարերկրյա ներդրումների ծավալը գերազանցել էր 1998 թվականի ցուցանիշը 10.4 անգամ, իսկ 2008 թվականին՝ 20.36 անգամ:

1998-2007 թվականներին ՌԴ-ից տնտեսության իրական հատված ներգրավված օտարերկյա ներդրումների ծավալը կազմել էր ընդհանուր ծավալի 32.88 տոկոսը, իսկ 1998-2008 թվականներին՝ 43.03 տոկոսը:

ԱՄՆ

Փոխլրացման քաղաքականության շրջանակներում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը զուգահեռ զարգանում էին նաև ՀՀ հարաբերություններն այլ երկրների, մասնավորապես` ԱՄՆ-ի հետ: ՀՀ տնտեսության արագ վերականգնման գործում մեծ էր ամերիկյան օգնության դերը, որի ծավալները որոշ տարիներին հասնում էին մինչև 100 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՆ-ն օժանդակություն է ցուցաբերել նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, հատկացրել ամենամյա ռազմական օգնություն: 2000 թվականին ստեղծվեց հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական աշխատանքային խումբը, որը հովանավորվում էր ՀՀ նախագահի և ԱՄՆ փոխնախագահի կողմից:

[break]

ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև բոլոր հուշագրերը կնքվել էին 2000-2007 թվականներն ընկած ժամանակահատվածում՝

  • ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև հայ-ամերիկյան աշխատանքային խմբի մասին համագործակցության հուշագիր (ստորագրվել է 2000թ. հունվարի 27-ին)
  • ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև սոցիալական և առողջապահական կարիքները բավարարելու բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2000թ. օգոստոսի 16-ին )
  • ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2006թ. մարտի 3-ին)
  • ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի վերաբերյալ (հայտագրերի փախանակումը տեղի էր ունեցել 2005թ․ սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 30-ին, ուժի մեջ էր մտել 2006թ. հոկտեմբերի 16-ին)։

Հայաստանի իշխանություններին հաջողվեց մեր երկրի ու ժողովրդի խնդիրների լուծմանը մասնակից դարձնել նաև Սփյուռքին: Մասնավորապես, ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների և գործող կազմակերպությունների մշտական աջակցությունը լավագույն օրինակ կարող է ծառայել հայկական այլ գաղութների համար:

1998-2007 թվականներին Հայաստանում ստեղծվել էր 1000-ից ավելի ընկերություն և համատեղ ձեռնարկություն՝ ամերիկյան կապիտալի մասնակցությամբ, իսկ Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումները կազմում էին հարյուրավոր միլիոն ԱՄՆ դոլար։

Ֆրանսիա

2001 թվականը հատուկ նշանավորվեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման տեսանկյունից: Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, որը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրի միջազգային հեղինակությունն ու պատասխանատվությունը ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների ամրապնդման ոլորտներում: Հայաստանը գնահատում և մեծապես կարևորում է Ֆրանսիայի գործուն աջակցությունն այս գործընթացում:

2001 թվականին Ֆրանսիան հատուկ օրենքով ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Սա պատմական կարևորագույն քայլ էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար: Այդ օրենքը դարձավ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների տրամաբանական արտացոլումը, ինչպես նաև հայկական դիվանագիտության նշանավոր հաջողությունը։

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան կառուցողական մասնակցություն ունի և միշտ նշանակալից ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

[break]

Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների լավագույն արտացոլումն էր 2006-2007 թվականներին անցկացված Ֆրանսիայում Հայաստանի տարին, որն անցավ «Հայաստան` իմ բարեկամ» խորագրի ներքո: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում տեղի էին ունեցել ավելի քան 850 միջոցառումներ Ֆրանսիայի 165 քաղաքներում: Դրանք ներառում էին քաղաքական, տնտեսական, հանրային ոլորտներն ու մշակութային բոլոր ուղղությունները:

1998-2007 թվականներին Ֆրանսիայից Հայաստանի տնտեսության իրական հատված ներգրավված ներդրումների ծավալը կազմել էր 180.67 մլն ԱՄՆ դոլար, իսկ 1998-2008 թվականներին՝ 271.42 մլն ԱՄՆ դոլար: Ուղղակի ներդրումները համապատասխանաբար կազմել էին 141.7 և 225.46 մլն ԱՄՆ դոլար: 1998-2007 թվականներին Ֆրանսիայից ներդրումների բաղադրյալ տարեկան աճի տեմպը կազմել էր 1.05 տոկոս, իսկ 1998-2008 թվականներին՝ 18.19 տոկոս: 2007 թվականին Ֆրանսիայից տնտեսության իրական հատված ներգրավված օտարերկրյա ներդրումների ծավալը գերազանցել էր 1998 թվականի ցուցանիշը 1.1 անգամ, իսկ 2008 թվականին՝ 5.32 անգամ:

1998-2007 թվականներին Ֆրանսիայից տնտեսության իրական հատված ներգրավված ներդրումների ծավալը կազմել էր ընդհանուր ծավալի 5.41 տոկոսը, իսկ 1998-2008 թվականներին՝ 5.91 տոկոսը:

Իրան

Առաջին արցախյան պատերազմի ժամանակ և հետագա տարիներին հավասարակշիռ կեցվածքը, որը դրսևորեց Իրանը Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, թույլ տվեց երկու երկրների ղեկավարներին զարգացնել բարեկամական հարաբերությունները: Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունները թռիչքաձև զարգացում ունեցան ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային և այլ ոլորտներում: 1998-2005 թվականներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվեց: Համագործակցության արդյունքում 2007 թվականի մարտի 19-ին ՀՀ և ԻԻՀ նախագահները պաշտոնապես բացեցին Իրան-Հայաստան գազատարը, ինչը հսկայական նշանակություն ուներ մեր երկրի էներգետիկ անվտանգության համար:

[break]

Միջուկային ծրագրերի պատճառով Իրանի շուրջ առաջացած լարվածությունը Հայաստանի ղեկավարությունից լրացուցիչ ջանքեր պահանջեց չխաթարելու բարեկամական հարաբերությունները ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի կամ Եվրամիության հետ, և դա հաջողվեց:

Հայ-իրանական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի կառավարության տարիներին նշանավորվեց կարևոր համատեղ նախագծերով՝

  • 2005 թվականին՝ շահագործման էին հանձնվել Պուշկինի լեռնանցքում կառուցված հողմաէլեկտրակայանները
  • 2007 թվականին՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ճանապարհի բացում. Մեղրին Կապանին կապող այլընտրանքային այդ ճանապարհն ունի 91 կմ երկարություն
  • 2007 թվականին՝ Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի բացում. 140կմ երկարություն և 700մմ տրամագիծ ունեցող գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել էր 2004 թվականին:

Չինաստան

2004 թվականին Հայաստանի Նախագահի Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանը և Հու Ցզինտաոն սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայտարարել էին, որ Հայաստանը և Չինաստանն առևտրատնտեսական հարաբերությունները համարում են հեռանկարում երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունը: Ընդունված համատեղ հռչակագրում պետությունների ղեկավարները հայտարարել էին, որ «խրախուսում և պաշտպանում են տարբեր ձևերով փոխշահավետ համագործակցության զարգացմանը նպատակամղված երկու երկրների միջոցառումները, ներդրումների ավելացումը»: Այցի արդյունքներով ստորագրվել էին առևտրատնտեսական համագործակցության, սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրեր, ինչպես նաև մշակութային փոխանակման միջգերատեսչական ծրագիր:

Արաբական երկրներ և Միջին Արևելք

2004-2008 թվականները կարևոր նշանակություն ունեցան Հայաստանի և արաբական աշխարհի համագործակցության համար։ 2001 թվականին Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ) որպես գլխավոր քարտուղար Ամր Մուսայի նշանակումից հետո ԱՊԼ-ն սկսեց առավել մեծ ուշադրություն դարձնել արաբական աշխարհից դուրս գործող աշխարհաքաղաքական այլ կենտրոններին։ Օգտվելով առիթից՝ Եգիպտոսում Հայաստանի դիվանագիտական առաքելությունն ակտիվացրեց աշխատանքներն ԱՊԼ-ի հետ՝ համագործակցությունն իրավական դաշտում ամրագրելու համար։ 2005 թվականի հունվարին ՀՀ-ի և ԱՊԼ-ի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Ըստ այդմ՝ Եգիպտոսում հավատարմագրված ՀՀ դիվանագետները հնարավորություն էին ստանում մասնակցելու ԱՊԼ-ում տեղի ունեցող գագաթաժողովների բացման հանդիսավոր արարողություններին, կազմակերպվող մամուլի ասուլիսներին, քաղաքական և տարբեր այլ հարցերի վերաբերյալ քննարկումներին: ՀՀ դեսպանությունը ներգրավվեց ԱՊԼ-ի ղեկավարության և միջազգային այդ կազմակերպությունում հավատարմագրված դեսպանների ու դիվանագիտական կորպուսի ակտիվ շփումների մեջ։ Հայաստան-ԱՊԼ հարաբերությունների զարգացման առումով 2007 թվականի ապրիլին ՀՀ նախագահի այցը Եգիպտոս պատմական էր։

[break]

ՀՀ նախագահը, որպես ՀՀ բարձրագույն պետական այր, առաջին անգամ այցելեց ԱՊԼ կենտրոնակայան, որտեղ տեղի ունեցավ նրա առանձնազրույցն ԱՊԼ գլխավոր քարտուղարի և կազմակերպության մեջ հավատարմագրված բոլոր 22 արաբ դեսպանների հետ, որտեղ խոսքը գնաց արաբական երկրների հետ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։

ՀՀ դեսպանի՝ ԱՊԼ-ում հավատարմագրվելու պահին դեսպանի մակարդակով ներկայացված էին միայն ՌԴ-ն, Չինաստանը, Իտալիան և Մալթան։ ՀՀ-ն դարձավ հինգերորդ երկիրը, որը դիվանագիտական բարձր ներկայացվածություն ունեցավ ԱՊԼ-ում։

Եվրոպա

Եվրոպական ուղղությունը և եվրաինտեգրման գործընթացները 1998-2007 թվականներին ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից էին: ԵՄ-ն օժանդակության բազմաթիվ ծրագրեր էր իրականացրել մեր երկրում, ինչպես նան բացառիկ ֆինանսական օգնություն է ցուցաբերել: Եվրամիությունն աստիճանաբար դարձել էր Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, որի հետ առևտրաշրջանառությունը միայն 2007 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կազմել էր 441․93 մլն ԱՄՆ դոլար: Երկկողմ հարթությունում 1998 թվականից ի վեր զգալի առաջընթաց էր գրանցվել Հայաստանի և Եվրոպական Միության անդամ պետությունների հարաբերություններում։

[break]

1999 թվականին ուժի մեջ մտավ Եվրոպական համայնքների և դրանց անդամ երկրների և Հայաստանի միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը: ԳՀՀ-ն իրավական հիմք ստեղծեց ՀՀ-ԵՄ համագործակցության համար՝ կանոնակարգելով ԵՄ կառույցների ու ԵՄ անդամ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների ողջ սպեկտրը: Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի ստորագրման արդյունքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը զգալիորեն ընդլայնվել էր` ներառելով արդեն ավանդական դարձած ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական զարգացման, աղքատության նվազեցման, տարածաշրջանային համագործակցության զարգացման, գիտության, կրթության, սոցիալական ապահովության և այլ հարցեր ու ոլորտներ:

1998-2007 թվականներին Հայաստանը մեծապես աշխուժացրել էր իր աշխատանքը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ: ԵԱՀԿ-ի նշանակությունը Հայաստանի համար հսկայական էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առումով, որի միջնորդական առաքելությունն ստանձնել էին ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան:

2001 թվականի ապրիլից Եվրոպայի խորհրդում գործում էր ՀՀ մշտական ներկայացուցչությունը, իսկ 2003 թվականի հուլիսի 8-ից Երևանում պաշտոնապես սկսեց գործել ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակը և ԵԽ տեղեկատվական գրասենյակը: